Հայաստանում հիմնվում է ստեղծագործական միությունների ղեկավարների խորհուրդ, որը կոչված է քննարկելու գրական, մշակութային, նաև ազգային-հասարակական հնչողություն ունեցող խնդիրներ: Երեկ «Իրատես de facto» ակումբում Հայաստանի գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆՆ ու նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ մանրամասնեցին այն իրադարձությունները, որոնք դրդել են ստեղծագործական միություններին միավորվելու և սահմանելու նոր ու արտառոց մրցանակ:
Գրական, մշակութային արժեքները խեղելու, մշակույթի գործիչներին անվանարկելու, ստեղծագործական միությունները վարկաբեկելու, փաստերը խեղաթյուրելու հարցում սահմանած ռեկորդների համար ՀԳՄ նախագահությունը հայտարարում է լրատվամիջոցների և լրագրողների «Կեղանք» մրցանակաբաշխություն (կեղանք` խոց, քոս, փառ): Մրցանակները կհանձնվեն 2011-ի տարեվերջին` ՀԳՄ քարտուղարության որոշմամբ: Մրցանակակիրներին կտրվեն դիպլոմներ և 1937 թվականին թողարկված խորհրդային երեքռուբլիանոցների պատճեններ:
«Մեկուկես տարի հետո նորից կլինեն խորհրդարանական ընտրություններ, մեր հասարակությունը, որ կարծես թե արթնանում էր թմբիրից` համախմբվելու մեզ համար կարևոր արժեքների շուրջ, նորից կքաղաքականանա: Արդեն օդի մեջ զգացվում է սպասվելիք գզվռտոցների, պառակտումների հոտը»,- ասաց Լևոն Անանյանը` ընդգծելով, որ այսօրվա թեման հրատապ է և ուղղակիորեն կապ ունի հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետ: Նա վկայակոչեց Հովհաննես Ավետարանչի հետևյալ խոսքերը. «Ես ուզում եմ վկայել իմ մասին, բայց այդ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ` որտեղից եմ եկել և ուր եմ գնում»: Պրոֆեսիոնալ լրագրողի իրավունքով ՀԳՄ նախագահը բարձրաձայնեց մամուլի դերի ու խնդիրների մասին. «Այսօր մամուլի ծառը գլխիվայր է աճում. մենք վաղուց կորցրել ենք ազատության և անարխիայի սահմանագիծը, որը պիտի մամուլին առաջնորդեր իբրև չորրորդ իշխանություն` կազմակերպելու հասարակական միտքը: Մամուլի խնդիրն անպատասխանատվությունն է, խայտառակ փաստեր են հրապարակում, հետո անկյունում մանրատառով հերքում տպագրում»: Լևոն Անանյանը նշեց մեղադրանքների այն շարքը, որ հասցեագրվել է ՀԳՄ-ին: Անմասն չեն մնացել նաև մյուս ստեղծագործական միությունները` նկարիչների, կինեմատոգրաֆիստների, կոմպոզիտորների, թատերական գործիչների: Թալան, օտարամոլություն, կործանիչ գործունեություն, ընդհուպ` մարդասպանություն. սրանք այն մեղադրանքներն են, որ հասցեագրվել են անձնապես ՀԳՄ նախագահին: Քանի որ լռությունը որպես արհամարհանքի դրսևորում չի կասեցրել անպատիժ սադրանքներ տարածող լրագրողներին, ստեղծագործական միությունները որոշել են գործել օրենքի սահմաններում: «Հայոց աշխարհ» թերթում Կիմա Եղիազարյանի «Թալանել, թալանել մինչև վերջ» հրապարակման առիթով հինգ ստեղծագործական միություններ գործ են հարուցել, դատարանը բավարարել է հայցը, կտպագրվի հերքում, նաև ֆինանսական փոխհատուցում կպահանջվի 300 հազար դրամի չափով: «Վստահ եմ, որ մտավորականությանն անվանարկելու այս ծրագիրը ֆինանսավորվում է դրսից»,- ասաց ՀԳՄ նախագահը:
Կարեն Աղամյանը նույնպես հատուկ միտում է տեսնում ընդդեմ ստեղծագործական միությունների: «Ստեղծագործական միությունները կազմում են ՀԿ-ների մի մասը: Հայաստանում գրանցված է 5500 ՀԿ, բայց, չգիտես ինչու, ուշադրության կենտրոնում մենք ենք: Դեռ լավ է, որ Ազգային ժողովը վերջապես հասկացավ, որ ստեղծագործական միությունները սովորական կազմակերպություններ չեն, պետք է ունենան իրենց առանձին կարգավիճակը` առանձին օրենքի ներքո, ինչպես աշխարհի շատ երկրներում է»:
Կզսպի՞ «Կեղանք» մրցանակն անվանարկումների արշավը, դժվար է ասել, սակայն ՀԳՄ նախագահը նկատեց, որ այսուհետ յուրաքանչյուր փաստագրական աղավաղման, վիրավորանքի համար ֆինանսական փոխհատուցում կպահանջվի, և աշխատողներն իրենց աշխատավարձի մի մասը կստանան մատնագրերի դեմ պայքարի այդ ազնիվ ճանապարհով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ